Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հերքել է, որ պահանջել է մեկ ժամվա ընթացքում տարհանվել «Աշ-Շիֆա» հիվանդանոցից՝ հայտարարելով, որ արձագանքել է միայն բուժկենտրոնի տնօրենին, որը խնդրել է ապահովել անվտանգ ելք նրանց համար, ովքեր կցանկանան հեռանալ։

«Այսօր առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակը բավարարել է Շիֆա հիվանդանոցի տնօրենի խնդրանքը, որպեսզի հիվանդանոցից հեռանալ ցանկացողներին դրա հնարավորություն ընձեռվի անվտանգ երթուղով»,- նշվել է ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում։

«ՑԱԽԱԼ-ը ոչ մի անգամ պացիենտների կամ բժշկական բրիգադների տարհանման հրաման չի  տվել եւ փաստացի առաջարկել է, որ ՑԱԽԱԼ-ը կաջակցի բժշկական տարհանման մասին ցանկացած խնդրանքի»,- նշվել է հայտարարությունում։

Բուժանձնակազմը մնում է հիվանդանոցում՝ պացիենտներին օգնելու համար, որոնք չեն կարող տարհանվել, նշել են իսրայելական բանակում։

ՑԱԽԱԼ-ը նաեւ հայտարարել է, որ գիշերվա ընթացքում Շիֆային լրացուցիչ պարեն, ջուր եւ հումանիտար օգնություն են հատկացրել։

Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ ՑԱԽԱԼ-ը «Աշ-Շիֆա» հիվանդանոցում գտնվողներին տարհանման համար մեկ ժամ է տվել։