ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Ազգային ժողովում ելույթի ժամանակ, անդրադառնալով Թռչկանի ջրվեժի նկատմամբ ոտնձգությանը, զարմանք է հայտնել, որ Կառավարությունը մեր հայրենակիցներին դրդում է փողոցներում միտինգներում նաեւ եվրադատարաններում պաշտպանել իրենց իրավունքներն ու արժանապատվությունը: Նրա ելույթի մեջ, մասնավորապես, ասվում է, որ Կառավարության 967-Ն որոշմամբ դեռեւս 2008թ-ին Թռչկան ջրվեժը ներառվել է ՀՀ բնության հուշարձաների ցանկի մեջ:
«Այնուամենայնիվ, սա չի խոչընդոտել, որ Բնապահպանության նախարարության եւ պետական այլ մարմինների կողմից Ռոբշին» ՍՊԸ-ին 2009-2010 թթ., ճիշտ այն ժամանակ, երբ ջրվեժն ընդգրկված է եղել ՀՀ բնության հուշարձանների ցանկում, տրվեին մի շարք թույլտվություններ, այդ թվում նաեւ բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն, ջրվեժի վրա, անմիջական բացասական ազդեցության գոտում, 1 Մգվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվություն:
Եվ սա այն դեպքում, երբ ջրվեժը սահմանվել է բնության հուշարձան,եւ դրա վրա ուղղակի կամ անուղղակի ազդող որեւէ գործունեություն արգելված է համապատասխան օրենսդրությամբ»,- ասված է նրա խոսքում: Պատգամավորի կարծիքով` ՀԷԿ-ի կառուցման ապօրինի թույլտվությամբ խախտվել է նաեւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ կոնվենցիայի պահանջները:
«Ի դեպ, այս վարքագծի արդյունքում չի բացառվում, որ կրկնվի Շաքիի ջրվեժի ճակատագիրը, երբ այցելուներին դիմավորում է ինչ որ փնթի ու մի քանի հազար դրամի դիմաց բացում Աստծո շնորհով մեզ տրված, բայց ինչ որ մեկի կողմից սեփականաշնորհված ջրվեժի ծորակը»,- ասել է Լիլիթ Գալստյանը:




























