Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի կանգնեցնի Իսրայելի ավերածությունները Գազայում։ Այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը արաբական եւ իսլամական երկրների գործընկերների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է Arab News-ը։
Նա եւ իր գործընկերները երկուշաբթի ժամանել են Պեկին ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների շրջագայության առաջին փուլի շրջանակում։
Ֆեյսալը կոչ է արել ակտիվացնել միջազգային ջանքերը, որպեսզի վերջ դրվի պատերազմին Գազայում։ «Մենք այստեղ ենք, որպեսզի հստակ ազդանշան ուղարկենք. անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ սպանությունները, շտապ Գազա հասցնել հումանիտար բեռներ»,- ասել է նախարարը։
«Մենք ձգտում ենք համագործակցել Չինաստանի եւ այլ երկրների հետ, որոնք հասկանում են իրավիճակի լրջությունը, որպեսզի վերջ դրվի պատերազմին»,- ավելացրել է արքայազն Ֆեյսալը։
Ներկա պահի դրությամբ զոհվել է մոտ 12 000 մարդ։





























