Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել երկրի մահմեդական կազմակերպություններին միանշանակ դատապարտել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը և «համերաշխություն հայտնել Իսրայելին»։

«Ես ակնկալում եմ, որ մահմեդական կազմակերպությունները հստակ դիրքորոշում կունենան և կկատարեն իրենց պարտականությունները հասարակության մեջ», - ասել է Ֆեսերը՝ գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա ասել է, որ այս կազմակերպությունները պետք է «հստակ դատապարտեն» ՀԱՄԱՍ-ի հարձակումը և ոչ թե պարզապես ասեն «այո, բայց»:

«Դա պետք է շատ պարզ լինի։ Մենք Իսրայելի կողքին ենք»,- հավելել է Ֆեսերը:

Ըստ նրա՝ որոշ մահմեդական խմբեր «կատարում են իրենց պարտքը», իսկ «ոմանք՝ ոչ»:

«Մեր արժեքները պաշտպանող ձայները պետք է ավելի բարձր լինեն»,- ասել է գերմանացի նախարարը։

Երկրում ապրում է մոտ 5,5 միլիոն մահմեդական, որոնք կազմում են երկրորդ ամենամեծ կրոնական խումբը։