Գերմանիայի իշխանությունները երեքշաբթի օրը խուզարկել են են Բավարիա նահանգում 17 մարդկանց տները, ովքեր մեղադրվում են համացանցում հրեաների դեմ հակասեմական արտահայտություններ և սպառնալիքներ տարածելու մեջ։

Բավարիայի քրեական ոստիկանության տվյալներով՝ կասկածյալների թվում են 18-ից 62 տարեկան 15 տղամարդ և երկու կին, հայտնում է գերմանական dpa գործակալությունը։

Ոստիկանությունը հարցաքննել է կասկածյալներին և նրանց տնից առգրավել ապացույցներ, այդ թվում՝ բջջային հեռախոսներ և դյուրակիր համակարգիչներ, հայտնում է գործակալությունը:

Կասկածյալները, ինչպես նշվում է, «տոնել են հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և մեղադրվում են հրեա բնակչության դեմ սոցիալական ցանցերում ատելության խոսք տարածելու մեջ՝ օգտագործելով արգելված ահաբեկչական կազմակերպությունների խորհրդանիշները», հաղորդում է dpa-ն։

Ոստիկանական գործողությունը կենտրոնացած էր Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում, որտեղ ապրում են ինը մեղադրյալները։ Խուզարկություններ են տեղի ունեցել նաև Բավարիայի Ֆյուսեն և Կաուֆբեուրեն քաղաքներում, ինչպես նաև Պասաու, Ֆյուրստենֆելդբրուկ, Բերխտեսգադեներ Լանդ, Կոբուրգ, Աշաֆենբուրգ և Հասսբերգ շրջաններում։

Բավարիայում հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 148 հակասեմական միջադեպ, ինչը 285%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ RIAS խմբի, որը հետևում է երկրում հակասեմականությանը: