Նոյեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպել է հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներն ավարտած քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր թեմերից։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրել է, որ քահանա հայրերը վերապատրաստման ընթացքում հնարավորություն ստացան թարմացնելու իրենց աստվածաբանական, ծիսական եւ պատմական գիտելիքները:

Վերապատրաստման դասընթացներին մասնակից հոգեւորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունել է Ուկրաինայի հայոց թեմի Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ․ Աբգար քահանա Գըլըճյանը։ Տեր Հայրն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց Հովվապետին Մայր Աթոռում նման դասընթացների կազմակերպման համար՝ վստահություն հայտնելով, որ ձեռքբերված գիտելիքներն առավել կնպաստեն հոգեւոր ծառայության արդյունավորմանը։

Այնուհետեւ Նորին Սրբությունն իր օրհնությունն է փոխանցել հոգեւոր հայրերին՝ գոհունակություն հայտնելով վերապատրաստության ծրագրի վերականգնման առիթով: Վեհափառ Հայրապետը կարեւորել է Մայր Աթոռում անցկացվող վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին համախմբվելու, միմյանցով զորանալու, միասնաբար մտորելու հոգեւոր հարցերի շուրջ, ինչպես նաեւ հոգեւոր փորձառությամբ փոխանակվելու։ Իր խոսքում Նորին Սրբությունը հորդորել է քահանա հայրերին սերտացնելու փոխգործակցությունը համայնքների միջեւ հոգեխնամ առաքելությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։

Հայոց Հայրապետը նաեւ իր գնահատանքն է հայտնել հոգեւորականներին ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն մատուցած իրենց նվիրյալ ու անսակարկ ծառայության համար։