Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հերքել է ՀԱԿ-ի ակտիվիստների հայտարարությունը՝ իրենց նկատմամբ ՀՔԾ-ում բռնություն կիրառելու վերաբերյալ:

Հայ ազգային կոնգրեսի անդամների  հայտարարությունը`  ՀՔԾ-ում ՀԱԿ-ի ակտիվիստ Վահագն Գեւորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը, զուրկ է տրամաբանությունից եւ բացարձակ հերյուրանք է, ասված է ՀՔԾ-ի հայտարարության մեջ:

Իրականում, ըստ ՀՔԾ-ի, տեղի է ունեցել հետեւյալը: 2011թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12.15-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ներկայացել քրեական գործով մեղադրյալ Վահագն Գեւորգյանը: Վերջինս հրավիրվել է հարցաքննության նպատակով, սակայն ներկայացել է առանց  պաշտպանի, թեեւ պաշտպանը նախապես տեղեկացված է եղել քննչական գործողության կատարման տեղի եւ ժամի մասին: Քննիչը ցանկացել է մեղադրյալին ծանուցագիր հանձնել` մեկ այլ օր ներկայանալու համար, սակայն աշխատասենյակում Վահագն Գեւորգյանն իրեն պահել է հանդուգն եւ ոչ կոռեկտ, որի կապակցությամբ նրան դիտողություն է արվել:

Ի պատասխան քննիչի դիտողության՝ Վահագն Գեւորգյանը փորձել է հրահրել սադրանք, բղավել է, թե իբր իր նկատմամբ բռնություն է կիրառվում, իրեն հայհոյում են: Այնուհետեւ Վահագն Գեւորգյանը, ինչպես նաեւ նույն օրը ՀՔԾ հրավիրված մյուս մեղադրյալներ Դավիթ Քիրամիջյանն ու Սահակ Մուրադյանը, միջանցքում ցուցադրաբար պատռել են անցաթղթերը, թեեւ դրանք պարտադիր են վարչական շենքից դուրս գալու համար: Այդուհանդերձ, նրանք անարգել հեռացել են  ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: