Երկրի հյուսիս-արեւմուտքում, Աֆղանստանի սահմանից ոչ հեռու, պակիստանցի զինվորականների կատարած շուրջկալի ժամանակ սպանվել է ութ զինյալ, տեղեկացրել է AP-ն։

Պակիստանցի զինվորականները հայտնել են, որ հետախուզական գործողությունը կատարվել է կիրակի, Հայբեր-Փահթունհվա նահանգի Հարավային Վազիրիստան շրջանում. զինվորականները բռնագանձել են զենք եւ զինամթերք։

Լրացուցիչ որեւէ մանրամասն զինյալների անձի մասին չի հաղորդվել։

Այս ամիս Պակիստանի իշխանությունները սկսել են անլեգալ միգրանտների բռնի տեղահանումը։ Չնայած պակիստանցի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ դա վերաբերում է երկրում անօրինական ապրող բոլոր օտարերկրացիներին, բռնաճնշումները ամենից շատ վերաբերում են միլիոնավոր աֆղանստանցիների, որոնք ապրում են Պակիստանում առանց փաստաթղթերի։ Ներկա պահին ավելի քան 400 000 աֆղանստանցի  վերադարձել է հայրենիք՝ զգուշանալով ձերբակալումից։

Աֆղանստանի թալիբանյան վարչակազմը դատապարտել է բռնաճնշումները, իսկ ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ դա կարող է հանգեցնել մարդու իրավունքների լուրջ խախտումների։