ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Տիրանայում տեղի ունեցած Ալբանիայի մրցակցության օրենքի 20-ամյակին նվիրված եռօրյա համաժողովին:  Համաժողովի ամփոփիչ նիստում Գեղամ Գևորգյանը որպես խոսնակ հանդես է եկել  միջազգային համագործակցության հարցերով պանելային քննարկմանը, որը վարում էր Ալբանիայի մրցակցային մարմնի նախագահ Դենար Բիբան:

Բացի Հայաստանից, քննարկմանը մասնակցում էին նաև Հունաստանի, Հունգարիայի, Վրաստանի մրցակցային մարմինների ղեկավարները:

Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց գերատեսչությունների փորձը որոշումների կայացման գործընթացում միջազգային համագործակցության կարևորության, երկրների միջև փորձի և տեղեկատվության փոխանակման առավել նախընտրելի միջազգային հարթակների և ձևաչափերի,  դատարանում գաղտնի տեղեկատվության օգտագործման, չհայտարարագրված համակենտրոնացումների համար նախատեսված տուգանքների չափի և այլ հարցերի շուրջ:

«Միջազգային համագործակցության բոլոր ձևաչափերը կարևոր են և արդյունավետ: Կարծում եմ, ամենավատ  համագործակցությունը համագործակցության բացակայությունն է։ Մեզ անհրաժեշտ են շարունակական ջանքեր՝ մրցակցային մարմինների միջև ավելի ներառական և ակտիվ համագործակցության  զարգացման ուղղությամբ, ինչը իրապես կարող է նպաստել գլոբալ մարտահրավերների հաղթահարմանը և առավել փոխկապակցված ու համագործակցող աշխարհի ստեղծմանը»,- իր խոսքում մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը:

ՄՊՀ նախագահը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ համագործակցության Հայաստանի մրցակցային մարմնի ունեցած դրական փորձը՝ մասնավորապես  հիշատակելով BOOKING.COM B․V․ ընկերության նկատմամբ հարուցված վարույթը, առցանց տաքսի ծառայությունների ոլորտում իրականացված ուսումնասիրությունը և այլն: