Հայաստանի Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը` զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների սահմանադրականության հարցով:
ՍԴ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, որոշվել է գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։ Դատաքննությունն սկսվելու է նոյեմբերի 15-ին:
Սահմանադրական դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, կարեւորելով իրավական նորմի սահմանադրականության առնչությամբ տվյալ խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը` դատարանը որոշել է հետաձգել այլ գործերի քննությունը:
Նշենք, որ Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի ցանկանում մինչեւ նոյեմբերի 15-ը մեկնաբանություններով հանդես գալ, հավելելով, որ ՍԴ-ից դրական ակնկալիքներ ունի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ 8 թերթերի խմբագիրներ դիմել էին Սահմանադրական դատարան կոչ անելով հակասահմանադրական ճանաչել քաղաքացիական օրենսգրքի զրպարտության ու վիրավորանքի մասին դրույթները: Նրանք կարծում են, որ ՍԴ-ի դրական պատասխանից հետո թերթերի դեմ հարուցված բոլոր վարույթները կկասեցվեն:




























