ԱՄՆ-ում մտադիր են 2024թ. առաջին եռամսյակում սպառազինության մեջ մտցնել PrSM — Precision Strike Missile հրթիռները, որոնք հաջող փորձարկում են անցել Նյու Մեքսիկոյի զորադաշտում։
Lockheed Martin ընկերությունում նշել են, որ չնայած ոչ մեծ հեռավորությունների վրա թիրախների խոցումը PrSM-ի հիմնական խնդիրը չէ, դա ամենաբարդ մարտահրավերն է, քանի որ արագությունները հիպերձայնային են։
Ամերիկյան Breaking Defense պորտալի տվյալներով՝ հրթիռը կարող է թիրախը խոցել 85 կիլոմետր հեռավորության վրա։
Չնայած բարձր արագությանը՝ PrSM-ն հիպերձայնային զենք չէ, նշել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ամերիկյան զորքերը հրթիռը կստանան 2023թ. վերջին։ Պենտագոնն ակնկալում էր ստանալ 3 986 նման զինամթերք, բայց ATACMS-ներն Ուկրաինա մատակարարելուց հետո Վաշինգտոնում պատրաստվում են ավելացնել պատվերը։
Breaking Defense-ի տվյալներով՝ Lockheed Martin-ը մտադիր է ստեղծել հրթիռի բարելավված տարբերակը՝ LBASM, Land-Based Anti-Ship Missile (ցամաքային բազավորման հականավային հրթիռ)։
Երրորդ տարբերակը, նախնական պլանների համաձայն, կարող է էլ ավելի մեծ օգտակար բեռ կրել, թռիչքի հեռավորությունը կավելացվի երկու անգամ։
Lockheed Martin-ում հավաստիացրել են, որ իրենց նոր հրթիռը կկարողանա շատ ավելի հեշտացնել մուլտիդոմենային մակարդակի մարտական գործողությունները, երբ առաջադրանքների կատարմանը ներգրավվում են ոչ միայն ցամաքային ուժերը, այլեւ կործանիչները։ Մասնավորապես, PrSM համալիրները կկարողանան ցամաքից ապահովել ինքնաթիռները՝ հարվածներ հասցնելով հակառակորդի ՀՕՊ համակարգերին։





























