Հյուսիսային Կորեայի զինծառայողները ապառազմականացված Փհանմունջոմ գոտու  սահմանակետում անցած շաբաթվա վերջից զինվել են ատրճանակներով։ Այս մասին տեղեկացրել է Yonhap հարավկորեական գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Փհանմունջոմը ապառազմականացված գոտու միակ տեղն է, որտեղ Կորեայի Հանրապետության եւ Հյուսիսային Կորեայի զինծառայողները մոտ են կանգնած միմյանց, նշել է Yonhap-ը։ 2018թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ոլորտում լարվածության թուլացման համաձայնագրի համաձայն՝ երկու երկրները պայմանավորվել են չզինել զինվորներին այս կետում։ Հարավկորեական կողմը առայժմ մնում է առանց զենքի։

Նոյեմբերի 22-ին Կորեայի Հանրապետությունը, ի պատասխան Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի, հայտարարել է, որ մասնակի դադարեցնում է համաձայնագրի գործողությունը։ Նոյեմբերի 23-ին Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այլեւս իրեն կապված չի համարում պայմանավորվածություններով եւ կվերսկսի այն միջոցների կիրառումը, որոնք արգելված էին համաձայնագրով։

Ավելի վաղ հարավկորեացի զինվորականները տեղեկացրել էին, որ Հյուսիսային Կորեան զբաղվում է պահակակետերի վերականգնմամբ ապառազմականացված գոտում։ Մասնավորապես, լուսանկարներից մեկում երեւում է, որ հրանոթ է տեղակայվում։

Սեուլում նշել են, որ հետախուզական արբանյակի արձակումը խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը, քանի որ օգտագործվում են բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներ։ Կորեայի Հանրապետությունը դրանում սպառնալիք է տեսնում իր անվտանգությանը։ Փհենյանում հավաստիացնում են, որ տիեզերքի յուրացման իրավունք ունեն, ներառյալ արբանյակների արձակումը, հատկապես Հարավային Կորեայի եւ ԱՄՆ ռազմական ակտիվության ֆոնին։