ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգն ակնկալում է, որ Հունգարիայի եւ Թուրքիայի խորհրդարանները շուտով կվավերացնեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։

«ՆԱՏՕ-ի գծով բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Շվեդիան ՆԱՏՕ մտնի, եւ Շվեդիան կատարել է իր պարտավորությունները։ Ես սպասում եմ, որ Թուրքիան եւ Հունգարիան վավերացնեն Շվեդիայի անդամակցության փաստաթղթերը՝ առանց հետագա ձգձգումների»,- երեքշաբթի ասել է նա Index հունգարական ինտերնետ պարբերականի հարցազրույցում, Բրյուսելում դաշինքի արտաքին գործերի նախարարների երկօրյա հանդիպումից առաջ։

Սթոլտենբերգը հայտնել է, որ ողջունում է Թուրքիայի նախագահի քայլը՝ խորհրդարանի վավերացմանն ուղարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։

Նա նաեւ հիշեցրել է, որ վերջերս քննարկել է այդ հարցը Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։ «Հունգարիայի կառավարությունը քանիցս կրկնել է, որ վերջին դաշնակիցը չի լինելու, որը կվավերացնի այդ փաստաթուղթը։ Ես ակնկալում եմ, որ Հունգարիան կկատարի իր պարտավորությունները»,- ասել է Սթոլտենբերգը։

Հունգարիան եւ Թուրքիան ՆԱՏՕ միակ երկրներն են, որոնք առայժմ չեն վավերացրել Հյուսիսային դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը։ Հունգարիայի կառավարությունը համապատասխան օրինագիծը ազգային խորհրդարան է մտցրել անցած տարվա ամռանը, բայց պատգամավորները մինչեւ այժմ այս հարցի քվեարկության ժամկետ չեն սահմանել։