Լարսի անցակետը նորից փակ է և անցակետում ՀՀ արտահանողները հանդիպում են անլուծելի խնդիրների, ի՞նչն է պատճառը: Այ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա խնդրեց պարզ խոսել՝ արդյո՞ք խնդիրը վերաբերում է առավելապես ՀՀ-ից արտահանման որոշակի տեխնիկական, կամ սանիտարահիգիենիկ վիճակին, ինչպես նշվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությունում. «Եթե խնդիրը քաղաքական է և ոչ տնտեսական, պետք է այդ մասին էլ խոսել», - ասաց նա։

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ անցած տարվա ընթացքում 40-ից պակաս դեպք է տեղի ունեցել, երբ ՌԴ-ի համապատասխան մարմինները ՀՀ-ից արտահանված ապրանքը հետ են վերադարձրել։ «Այսինքն՝ մեր պետական մարմինների վիճակը չի կարող համարվել վատ», - ասաց նա։

Անդրադառնալով «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը՝ նախարարը նշեց, որ այս շաբաթ ռուս գործընկերների հետ քննարկում են նախաձեռնել. «Էկոնոմիկայի նախարարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեր գործընկերները, ներքին շուկաների պաշտպանության հարցերով նախարար պարոն Սիմոնյանը և մյուս գործընկերները նախաձեռնել ենք քննարկում, որը պետք է տեղի ունենա այս շաբաթվա ընթացքում, որտեղ մեր ռուս գործընկերների հետ փորձելու ենք հասկանալ, թե ի՞նչ է փոխվել կարգավորումների մեջ, որն առաջացրել է այսպիսի վիճակագրության փոփոխություն», - ասաց Քերոբյանը:

Էկոնոմիկայի նախարարը նշեց՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի հրապարակումը և դրա հետ առկա տեղեկատվությունը խորը ուսումնասիրվում է համապատասխան մարմինների կողմից:

Հիշեցնենք՝ «Ռոսսելխոզնադզորն» այսօր հայտարարել էր, որ արձանագրել է Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճ։