Ֆրանսիայի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների թիվը նոյեմբերի սկզբի դրությամբ հասել է 75,1 հազար մարդու, ինչը հանրապետության համար դարձել է նոր ռեկորդ։ Այս մասին է վկայում Ֆրանսիայի արդարադատության նախարարության ամենամսյա զեկույցը։
Նախորդ ռեկորդը գրանցվել է այս տարվա հուլիսին, երբ Արդարադատության նախարարությունը հաշվել է 74,5 հազար բանտարկյալ, ովքեր պատիժ են կրում կամ գտնվում են կալանքի տակ ու սպասում են դատարանի որոշմանը։ Ներկայիս ցուցանիշները 3,2%-ով ավելի են, քան անցած տարվա նոյեմբերին, այն ժամանակ գրանցվել է 72,8 հազար բանտարկյալ։
Հանրապետության քրեակատարողական հիմնարկների զբաղվածությունն այսպիսով գերազանցել է 123,2%-ը, ինչը Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշներից է։ Ընդ որում, սա միջին ցուցանիշ է, մինչդեռ 10 բանտերում զբաղվածության մակարդակը գրանցված է «200% և բարձր», ևս 55-ում՝ 150%-ից մինչև 200%: Ընդհանուր առմամբ, ֆրանսիական բանտերն ունեն գրեթե 70 հազար տեղ։ Մոտ 20 հազար մարդ այնտեղ սպասում է դատավճռին։





























