Հայաստանի իշխանությունները տիպիկ ավտորիտար իշխանություններին բնորոշ վարքագիծ են դրսեւորում` լռեցնելու «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Անդրադառնալով պետական որոշ պաշտոնյաների, մասնավորապես ոստիկանապետի հասցեին նախաձեռնության անդամների հնչեցրած կոշտ գնահատականներին եւ ոստիկանների արձագանքին` Սաքունցը նշել է, թե քանի դեռ ոստիկանական բաժանմունքներում անպատիժ բռնություններ, սպանություններ, հետապնդումներ են լինում, նման վերաբերմունքը լիովին համարժեք է:

«Անգամ ծայրահեղ հայտարարությունները ժողովրդավարության կարեւոր ատրիբուտ են: Ցավոք ժողովրդավարության ընկալումը պետական մարմինների մոտ ցածր մակարդակի վրա է»,- նկատել է Արթուր Սաքունցը, իսկ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը նկատել է. «Փոխանակ վիրավորվելու, ավելի ադեկվատ կլիներ, որ պաշտոնյաները վերլուծեին, թե ինչու են արժանացել նման վերաբերմունքի»:

Սոնա Այվազյանը նաեւ հավելել է, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի արածը, ով արգելել էր Կառավարության դիմաց ակցիայի անցկացումը, հավաքների ազատությունը խոչընդոտել է նշանակում, ինչը քրեական հացանգործություն է:

Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթում, ոստիկանությունը բռնություն է կիրառել կառավարության դեմ բողոքի ակցիա իրականացնողների դեմ եւ բերման ենթարկել ՀԱԿ-ի ակտիվիստ Վարդգես Գասպարիին եւ «Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստ Լալ Ասլիկյանին: Նրանք երկուսն լ ազատ են արձակվել: