Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր պահվածքով, եւ գերագույն գլխավոր հրամանատարը իր պահվածքով հույս չեն ներշնչում, որ բանակում ինչ-որ բան կարող է փոխվել: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Վերջինս նշել է, որ փոխանակ բանակում իրավիճակը շտկելու, հետապնդումներ են սկսվել «Բանակն իրականում» նախաձեռնության անդամների նկատմամբ:
«Իհարկե, իրենք մտահոգված են, թե մինչեւ ուր ենք գնալու: Իրենց հետաքրքրում է, թե որքան ենք շարունակելու: Պաշտպանության նախարարությունն իր պահվածքով, գերագույն հրամանատարը իր պահվածքով հույս չեն տալիս, որ իրավիճակն ուզում են փոխել: Այսպես շարունակելը կարող է հանգեցնել նոր մարդկային զոհերի, ցավոք»,- նշեց իրավապաշտպանը:
Նա նշեց, որ իրենք շարունակելու են բարձրաձայնել բանակում տեղի ունեցող ապօրինությունները: Ըստ Սաքունցի, կան մարդիկ, որոնք իրենց նույնականացնում են բանակի հետ, եւ նրանք էլ արշավ են սկսել բանակի ապօրինությունները ջրի երես հանողների դեմ: «Մարդասպանները, գողերը, խեղողները, հանցագործները իրենց նույնականացնում են բանակի հետ»,- նշեց նա, իսկ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը նկատեց. «Բանակում կոռուպցիոն ռիսկերը ավելի լուրջ են եւ խոշոր, եւ ավելի ցավոտ են ընդունում քննադատությունը: Սա ցույց է տալիս, թե ինչպես են իշխանություններն արձագանքում խնդիրներին»:
Որպես բանակում ստեղծված անառողջ մթնոլորտից ելք, Արթուր Սաքունցը առաջարկում է մի քանի քայլեր կատարել` բանակում կատարված հանցագործությունների արդար քննություն իրականացնել եւ բաց տեղեկատվություն տրամադրել հասարակությանը, երաշխիքներ տալ, որ նրանց որդիները ծառայում են անվտանգ պայմաններում, ավելի բաց եւ թափնցիկ դարձնել բանակը:
Իրավապաշտպաններն օրերս հանդիպել են պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ եւ վերջինիս համարում են բանակի առողջ ուժերից մեկը: «Ղեկավարության 10 տոկոսն է, որ առողջ զանգվածն է»,- նշեց Արթուր Սաքունցը, իսկ հարցին, թե որ զանգվածի մեջ կարելի է դասակարգել Պնախարար Սեյրան Օհանյանին, նշեց, եթե պաշտպանության նախարարը համարժեք արձագանքի իր տեղակալ Վլադիմիր Գասպարյանի` իրավապաշտպանների եւ բանակում զոհված զինվորների ծնողների հասցեին արած արտահայտություններին, նա եւս կարող է դասվել առողջ ուժերի շարքին:




























