Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) հետախուզում է հայտարարել ռուս օլիգարխ Միխայիլ Ֆրիդմանի նկատմամբ։ Հետախուզման քարտը հայտնվել է Ուկրաինայի ՆԳՆ կայքում։

Ֆրիդմանը հետախուզվում է որպես կասկածյալ «մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության արդյունքում սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կամ տապալելու կամ պետական ​​իշխանությունը զավթելու, Ուկրաինայի տարածքի կամ պետական ​​սահմանի փոփոխությունների նպատակով իրականացված գործողությունների ֆինանսավորման»  (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 110-2-րդ հոդվածի 3-րդ մաս) գործով։ Սույն հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը 8 տարի ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ։

Ըստ ՈՒԱԾ-ի, Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ֆրիդմանը մոտ երկու միլիարդ ռուբլի է «լցրել» Ռուսաստանի Դաշնության մի քանի ռազմական գործարաններ: «Դրանց թվում են  Տուլայի փամփուշտների գործարանը, ինչպես նաև Յալամովի անվան Ուրալի օպտիկամեխանիկական գործարանը, որը բարձր տեխնոլոգիական սարքավորումներ է արտադրում ռուսական ռազմական ​​ինքնաթիռների և ուղղաթիռների համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ըստ ՈՒԱԾ-ի, Ֆրիդմանը օգտագործել է իր կողմից վերահսկվող Alfa Group-ի ակտիվները և իր սեփական ռեսուրսները ««Ռուսաստանի բանակ» ապրանքային նշանով չոր սննդաբաժինների, հագուստի և այլ ապրանքների զանգվածային բաշխման համար, որը մատակարարվել է օկուպանտներին առաջնագծում» Նաև գործարարի կառույցները «ստանձնել են ռազմական տեխնիկայի  և ռազմաճակատում ռուս զավթիչների կյանքի և առողջության ապահովագրությունը»։

Գերատեսչությունը պնդում է, որ Ֆրիդմանն ինքը «ապահովել է  սեփական հեռահաղորդակցության ձեռնարկության և ԱԴԾ-ի համագործակցությունը» օկուպացված տարածքներում, ինչպես նաև, իբր, «կազմակերպել է նյութատեխնիկական օգնության հավաքագրում օկուպացիոն խմբերի կարիքների համար»: