Եվրամիությունն արդեն պատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 13-րդ եւ 14-րդ փաթեթները։ Այս մասին գրել է «Իզվեստիա« թերթը՝ հղում կատարելով Չեխիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Տոմաշ Զդեխովսկուն։

Քաղաքական գործչի կարծիքով՝ նոր միջոցների պատրաստումը շատ ժամանակ չի խլի։ «Դրանք շատ շուտով կներկայացվեն անդամ երկրներին»,- նշել է Զդեխովսկին։

Էստոնիայից եվրախորհրդարանական Յանա Տոոմն ավելացրել է, որ նոր պատժամիջոցների ընդունման նախաձեռնությունը հիմնականում մերձբալթյան երկրներինն է։ «Բայց պատժամիջոցներն անվերջ չեն։ Ինչ-որ տեղ սահման կա, եւ այն, ըստ երեւույթին, շուտով կլինի»,- ասել է նա «Իզվեստիա»-ին։

Ավելի վաղ ԵՄ-ն հաստատել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ Նոր պատժամիջոցներ են մտցվել 61 մարդկանց, ինչպես նաեւ 86 ընկերությունների եւ կազմակերպությունների դեմ։