Անհայտ անձը կրակ է բացել Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում։ Արդյունքում զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ ենթադրյալ հարձակվողը, տասնյակ մարդիկ վիրավորվել են, CTK լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Չեխիայի փրկարար ծառայության ներկայացուցիչը։

Չեխիայի հեռուստատեսությամբ փրկարար ծառայության ներկայացուցիչ Յանա Պոստովան հայտնել է, որ տուժել է մոտ 30 մարդ, փոխանցում է DW-ն։

Տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, շրջափակվել է, իսկ ֆակուլտետի շենքից մարդիկ տարհանվել են, հայտնում է Novinky.cz-ն։ Դեպքի վայր է տեղակայվել ոստիկանության հատուկ նշանակության ուժերի մեծ ջոկատ։ Ոստիկանությունը կոչ է արել մարդկանց հնարավորության դեպքում խուսափել դեպքի վայր գալուց, իսկ հարակից թաղամասերի բնակիչներին՝ դուրս չգալ փողոց։

Ինչպես հայտնում է Nova հեռուստաալիքը, հանցագործը մահից առաջ եղել է ֆակուլտետի շենքի տանիքում։ Բացի այդ, պայթյուն է լսվել։ Ըստ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերում հաղորդագրությունների՝ կրակոցների սկսվելուց հետո որոշ մարդիկ դուրս են վազել փողոց, մյուսները բարիկադավորվել են դասարաններում։ Կրակողի ինքնության և նրա հնարավոր դրդապատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։