Ալեքսեյ Նավալնիի գտնվելու վայրն անհայտ է արդեն 15 օր, և դա պայմանավորված է Ռուսաստանում սկսված նախընտրական արշավով, եվրոպական EBU գործակալությանը տված հարցազրույցում ասել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
«Թեև նրա անունը չկա քվեաթերթիկում, պարզ է, որ նա Պուտինի հիմնական մրցակիցն է։ Եվ դա ակնհայտ է հենց Պուտինի համար»,- նշել է նա, հաղորդում է Euronews-ը։
Բանտարկված Նավալնին տարվել է Վլադիմիրի շրջանի գաղութից և տեղափոխվել անորոշ վայր, ասել է նա՝ հավելելով, որ իր թիմը հարցումներ է ուղարկել ռուսական մոտ 200 քննչական մեկուսարաններ՝ անհետ կորածի մասին լրացուցիչ տեղեկություններ փնտրելու համար, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել գտնել։
«Վերջին անգամ փաստաբանները Նավալնիին տեսել են դեկտեմբերի 6-ին։ Եվ դրանից հետո մենք իրականում չգիտենք, թե որտեղ է նա: Կարծում ենք, որ նրան տեղափոխում են մի գաղութից մյուսը, սակայն պաշտոնական թղթեր չունենք այս հարցի վերաբերյալ»,- հավելել է Յարմիշը։
Նավալնիի գտնվելու վայրի մասին հարցին ի պատասխան՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը «բանտարկյալների ճակատագրին հետևելու ոչ մտադրություն, ոչ էլ կարողություն ունի»։




























