Հայաստանում ՌԴ դեսպանի հայտարարությունը կարելի է ընդհանուր համատեքստում նայել՝ առնվազն Զախարովա-Շոյգու-Գերասիմով հայտարարությունների ֆոնին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով ՌԴ դեսպանի հայտարարությանը, որ Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։
Ըստ փորձագետի՝ նրանք վերջերս հայտարարել են, որ տարածաշրջանում հավաքական Արևմուտքի ներկայությունը ոչ թե կայունություն, այլ անկայուն վիճակ է ստեղծելու։
«ՀՀ օրվա իշխանություններին, այնուամենայնիվ, զգուշացվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները և հարցի լուծումը պետք է լինի եռակողմ հայտարարությունների հիման վրա և դրանցից հետ կանգնելը, ինչպես Մարիա Զախարովան ասաց՝ անխուսափելիորեն կբերի լուրջ ռիսկերի, առաջին հերթին հենց Հայաստանի համար»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայությանը, ապա, ինչպես նշեց փորձագետը, Հայաստանում ամեն ինչ անում են, որ ՆԱՏՕ-ն ներկայացված լինի այս կամ այն ձևաչափով, ինչն անընդունելի է Ռուսաստանի համար, որի մասին ոչ երկրորդական դեմքերն են ասել ՝ ՌԴ պատպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ։
«Հիմա դեսպանն ասում է՝ այն պարտավորություններն ու պայմանավորվածությունները, որ յուրաքանչյուր երկիր ունի, պետք է կատարվեն, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության։ Ի դեպ, ռազմատեխնիկական համագործակցության վերջին առաջարկը մերժել է Նիկոլ Փաշինյանը։ Դա եղել է 2022 թվականի դեկտեմբերին, երբ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկվեց օգնության փաթեթ, բայց Փաշինյանը հրաժարվեց դրանից։ Այդ օգնության մեջ առաջին կետերից մեկը վերաբերում էր ռազմատեխնիկական օգնությանը։ Հիմա ՌԴ-ն կրկին անգամ վերահաստատում է։ Փաշինյանը գործնականում ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը փորձում է փոխարինել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ռազմատեխնիկական ոլորտում մտադրությունների հուշագիր ստորագրելով։
Մասնավորապես՝ խոսքը Ֆրանսիայի և Հունաստանի մասին է։ Կոնկրետ Հայաստան որևէ զինատեսակ չի մտել, կան միայն մտադրություններ, համաձայնագրեր»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։
Փորձագետը նաև նշեց, որ ՆԱՏՕ-ի ստանդարտներով պատրաստած ռազմական տեխնիկայի Հայաստան մտնելը նշանակում է, որ ԶՈւ-ի սպայակազմի և մասնագիտական ուղղվածության որոշ ուղղություններ լուրջ վերապատրաստում պետք է անցնեն։ Սակայն դա, ըստ նրա, ժամանակի խնդիր է, մեկ օրում չի կարող լինել։
«Օրինակ, ՀՕՊ համակարգում Ֆրանսիայի ռադարները որքանով կարող են ՌԴ-ից գնված համապատասխան զինտեխնիկայի հետ սինխրոն աշխատել և արդյոք կարո՞ղ են աշխատեցնել։ Այսպիսի խնդիրներ կան, որոնց հետո կապված ՀՀ-ում ՌԴ դեսպանը ուղղակի կրկին անգամ վերահաստատում է, որ ռազմատեխնիկական համագործակցություն Հայաստանը պետք է ունենա իր ռազմավարական դաշնակցի հետ, որի հետ ունի պայմանագրային պարտավորություններ»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։
Նա նաև անդրադարձավ այն հայտարարություններին, թե Ռուսաստանը, վերցնելով ՀՀ-ից զենքի մատկարարման համար գումարը, չի մատակարարել համապատասխան զենք-զինամթերքը։ Փորձագետը հարց է բարձրացնում՝ գեթ մեկ ապացույց, փաստաթուղթ հրապարակվե՞լ է, բացի վերացական, անհիմն խոսքերից։
«Որևիցե ձևով չհիմնավորված հայտարարություններ իրենց թույլ են տալիս և՛ օրենսդիր մարմնի, և՛ գործադիրի անդամներն, այդ թվում՝ Փաշինյանը, թեև նա Ռուսաստան բառը չի ասում, ինչպես նաև նման հիմարություններ իրենց թույլ են տալիս իր քաղաքական խմբակի դիլետանտ անդամները։ Իսկ ՌԴ դեսպանը վերահաստատում է, որ իրենք հետ չեն կանգնել ռազմատեխնիկական համագործակցությունից՝ անկախ նրանից, թե ՀՀ իշխանությունների օրենսդիր և գործադիր մարմնի կարկառուն դիլետանտ ներկայացուցիչներն ինչ են ամեն օր բարբաջում, թե, իբր ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարում։ Անհիմն, վերացական հայտարարություններ, այնպես, ինչպես այս քաղաքական խմբակի գործելաոճն է»,- նշեց Հայկ Նահապետկանը։
Դիտարկմանը, թե դեսպանը չի հերքել այն հայտարարությունները, որ որոշ պայմանագրերի հետ կապված հարցեր կան, փորձագետը պատասխանեց․ «Դա չի նշանակում, որ հրաժարվում են , իսկ վերոնշյալ անձինք ասում էին, որ պայմանագրերի հետ կապված կան խնդիրներ, իսկ ո՞վ է ասում, որ դրանք Ռուսաստանից են։ Ես էլ կարող եմ ասել, որ խնդիրները Հայաստանից են առաջացել։ Կարո՞ղ եմ ասել՝ այնպես, ինչպես օրվա իշխանություններն են նշում, թե ՌԴ-ից են դրանք առաջացել։ Իսկ գուցե Հայաստանն է պայմաններ փոխել։ Ասեմ՝ առանց փակագծերը բացելու, որ Հայաստանն է փոխել և Ռուսաստանը կեցվածք է դրսևորում»։
Նա նաև նշեց, որ ՌԴ դեսպանի հայտարարությունը չպետք է զուտ որպես հայտարարություն ընդունել։ Դա շղթայի օղակ է, որն անուղղակի ձևով կապվում է նաև դեկտեմբերի 25-26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի հետ։
«Երեկ Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, հանդիպել ԱԳ նախարարի հետ, բերել էր 10-ից ավելի փաստաթղթեր ու ՀԱՊԿ-ի միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու փաթեթը։ Սակայն Փաշինյան Նիկոլը չի բարեհաճել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընդունել, նրան ընդունել է ԱԳ նախարարը։ Ակնհայտ է չէ, որ սա կեցվածք է, իսկ եթե ՌԴ-ն սկսի համարժեք կեցվածք դրսևորե՞լ»,- ասաց Հայկ Նահապետյանը։




























