Չնայած դժվարություններին՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, այն է՝ մաքսատան բացակայությունը, անպատնեշ միջավայրը, կապիտալների, աշխատուժի ազատ տեղաշշարժը, ԵԱՏՄ խոշոր շուկայի հասանելիությունը, այս ամենը հսկայական առավելություններ է տալիս Հայաստանին եւ տնտեսական թռիչքի պատճառն է, որն այսօր ունի երկիրը։ Այս մասին «Հայաստանը ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ու տեսանելի հեռանկարները» մամուլի ասուլիսում ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետը Կրեմլում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ եւ Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում միանշանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն է եւ երկրի բուռն տնտեսական աճի հիմնական պատճառը. «Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է 5,2 մլրդ դոլար, ինչը 92,7 տոկոսով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Արտահանումը 2022 թվականին կազմել է 2,5 մլրդ դոլար, ինչը 2,8 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ ներմուծումը կազմել է 2,7 մլրդ դոլար՝ աճելով 49 տոկոսով։ Իսկ այս տարի ԵԱՏՄ-ում առեւտրի ծավալը, ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի կանխատեսումներից մեկի համաձայն, կգերազանցի 100 միլիարդ դոլարը, եւ դա կդառնա նոր ռեկորդ։ Նա նաեւ կարծում է, որ հինգ երկրները ստեղծել են պայմաններ, որոնց դեպքում բիզնեսի ներկայացուցիչների համար հարմար է աշխատել միմյանց հետ։ 2022 թվականի վերջին ԵԱՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ծավալը հասել է 84 մլրդ դոլարի, միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառության արագացված աճ կա՝ համեմատած այլ երկրների հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության երկկողմ հարաբերություններին, ապա մինչև 2023 թվականի վերջ Հայաստանի արտահանումը Ռուսաստան կգերազանցի ներմուծումը գրեթե մեկ քառորդով, իսկ այսօր Հայաստանից արտահանման կեսից ավելին է բաժին ընկնում այդ երկրին։ Բացի այդ, զբոսաշրջիկների շատ մեծ հոսք է գալիս դեպի Հայաստան։ Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից մոտ 850 հազար մարդու մասին է»։
Մանասերյանի կարծիքով՝ չնայած Երեւանի եւ Մոսկվայի միջեւ առկա քաղաքական լարվածությանը, կողմերը դրական դինամիկա են արձանագրում տնտեսական ոլորտում. «ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ 2023 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կավելանա ավելի քան 40 տոկոսով։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական ոլորտում դրական դինամիկա է արձանագրվում։ Այս պահին տարվա տվյալները դեռ ամփոփված չեն, սակայն մեր ունեցած դիրքերով ապրանքաշրջանառության ծավալն աճել է 43,5 տոկոսով։ Երկու երկրների տնտեսական օպերատորների հիմնական հաշվարկները կատարվում են ռուսական ռուբլով։ Ռուսական մասնաբաժինը արդեն ավելի քան 90 տոկոս է։ Սա շատ լավ եւ կարեւոր ցուցանիշ է, որը թույլ է տալիս արդյունավետ փոխգործակցել եւ զարգացնել մեր առեւտրատնտեսական կապերը։ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կկազմի 5 մլրդ դոլար։ Ֆինանսական տրանսֆերտների ներհոսքը նախորդ տարի գրեթե նույնքան է եղել, որը փոքր-ինչ նվազել է 2023թ.։ Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է մոտ 2,5 մլրդ դոլարի ապրանք։ Ինչ վերաբերում է հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Մոսկվան փաստացի աջակցում է դրա իրականացմանը։ Հայաստանի կառավարության ներկայացրած կապի ապաշրջափակման ծրագիրը ենթադրում է, որ ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի իրավասության ներքո, որտեղով անցնում են։ Ռուսաստանը ֆինանսավորում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը՝ օգտագործելով Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցները։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ կազմում է 150 մլն դոլար»։




























