Երեւանում, նոյեմբերի 1-ին, մեկնարկում է խոսքի ազատության թեմային նվիրված եռօրյա սեմինարը, որին կմասնակցեն շուրջ 30 փաստաբան եւ 20 դատավոր:
Սեմինարը կանդրադառնա զրպարտության եւ վիրավորանքի, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի, ընտրությունների համատեքստում խոսքի ազատության, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի եւ դատական նիստերի լուսաբանման թեմաներին:
Միջոցառումը կազմակերպել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, լրատվամիջոցնների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: Դասընթացները կվարեն Մեծ Բրիտանիայից բարձրակարգ փաստաբան Գեւին Միլլարը եւ «ԱՐԹԻՔԼ 19» միջազգային կազմակերպության իրավական հարցերով ավագ պատասխանատու Բոյկո Բոեւը` «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության իրավաբաննների թիմի հետ միասին:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրերի ղեկավար Վլադիմիր Չունտուլովը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Արա Զոհրաբյանը եւ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը հանդես կգան բացման ելույթներով:



























