Երեքշաբթի Տոկիոյի օդանավակայանում վայրէջք կատարող մարդատար ինքնաթիռի՝ առափնյա պահպանության ինքնաթիռի հետ բախման հետևանքով բռնկված հրդեհի պատճառով 5 մարդ է զոհվել, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Բոլոր 379 ուղևորները և անձնակազմի անդամները կարողացել են դուրս գալ Japan Airlines ավիաընկերության ինքնաթիռից, մամուլի ասուլիսում հայտնել է Ճապոնիայի տրանսպորտի նախարար Տեցուո Սայտոն։ Նա հավելել է, որ առափնյա պահպանության օդաչուին հաջողվել է փրկվել, սակայն անձնակազմի հինգ անդամները զոհվել են։
Առափնյա պահպանության ինքնաթիռը թռչում էր երկրի արևմտյան ափին գտնվող Նիիգատա պրեֆեկտուրա՝ օգնելու երկրաշարժից տուժածներին՝ մի շարք ուժեղ հետցնցումների հետևանքով, որոնք խլել են առնվազն 55 մարդու կյանք և մեծ վնաս պատճառել, հայտնել է Սայտոն: Վթարի պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, հավելել է նա։
Տեղի հրշեջ ծառայությունը գործի է դրել առնվազն 70 հրշեջ մեքենաներ և այլ տրանսպորտային միջոցներ՝ հրդեհը մարելու համար, ավելացրել է NHK-ն։
Ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանի թռիչքուղու վրա, այնուհետև մխրճվել այնտեղ կայանված առափնյա պահպանության ինքնաթիռի մեջ, ասել է նախարարության քաղաքացիական ավիացիայի բյուրոյի գլխավոր տնօրեն Սիգենորի Հիրաոկան։
Տրանսպորտի անվտանգության խորհուրդը անհապաղ հետաքննություն կսկսի, ասել է նա առափնյա պահպանության պաշտոնյաների հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Դեպքի վայր են մեկնում նաև ֆրանսիացի քննիչները, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի հետաքննության և անվտանգության վերլուծության բյուրոն:





























