Մասշտաբային անկարգություններ են սկսվել Պապուա-Նոր Գվինեայի մայրաքաղաք Պորտ Մորսբիում՝ երկրում ոստիկանության աշխատակիցների եւ զինծառայողների գործադուլի ֆոնին, տեղեկացրել է Papua New Guinea Post Courier պարբերականը։

Նրա տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցների գործադուլը վերաճել է մասշտաբային անկարգությունների, որոնց մասնակիցները թալանում եւ այրում են Պորտ Մորսբիի խանութները։ Իշխանությունները դիմել են տեղի բնակիչներին՝ խնդրելով պահպանել հանգստություն եւ հնարավորինս քիչ դուրս գալ տներից։

Տեղեկացվել է նաեւ, որ ոստիկանության, քրեակատարողական հաստատությունների աշխատակիցները եւ զինծառայողները գործադուլ են հայտարարել «աշխատավարձից չբացատրված պահումների պատճառով»։ Ինչպես նշել է Radio New Zealand ռադիոկայանը, բողոքի ակցիաներին մասնակցել են 200 ոստիկաններ եւ զինվորներ, ցույցն սկսվել է խորհրդարանի շենքի մոտ։ Ավելի ուշ Պապուա-Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն հայտարարություն է հրապարակել՝ հանդարտության կոչով, դրանում ասվում է, որ աշխատավարձից հանումները պայմանավորված են պետական համակարգի աշխատանքի խափանմամբ, եւ բոլոր չվճարված միջոցները կուղղվեն իրավապահ մարմինների աշխատակիցներին լրիվ ծավալով վճարելուն։

Կառավարության տվյալներով՝ ոստիկանի միջին աշխատավարձը այդ երկրում կազմում է մոտ 410-450 դոլար ամսական։ Նրանց աշխատավարձերից հանվել է 51-160 դոլար, ինչն էլ գործադուլի պատճառ է հանդիսացել։