Մենինգոկոկային վարակից մահացել է Երեւանի թիվ 54 մանկապարտեզի դաշնակահարուհին։

NEWS.am-ին ՀՎԿԱԿ-ից հայտնեցին, որ մահացած դաշնակահարուհու հետ անմիջական կոնտակտավորները հետազոտվել են ու պատվաստվել: Մանկապարտեզի երկու սաները, որոնք բարձր ջերմությամբ ու այլ գանգատներով հոսպիտալացվել էին, այժմ դուրս են գրվել։

Ավելի վաղ aravot.am-ը գրել էր, որ դեկտեմբերի 28-ին պարտեզի տոնական միջոցառումներից ու հանդեսներից հետո կտրուկ վատացել է պարտեզի դաշնակահարուհու առողջական վիճակը եւ վերջինս հունվարի երեքին մահացել է:

Նշենք, որ մենինգոկոկային վարակը կարող է հանգեցնել օրգանների ծանր վնասվածքների ու մահվան։ Վարակի հարուցիչը Neisseria meningitidis բակտերիան է՝ մենինգոկոկը, որը կարող է ախտահարել ուղեղաթաղանթներն ու արյունը։ Հիվանդությունը վարակիչ է եւ փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային մեխանիզմով՝ լորձի միջոցով՝ հազալիս, փռշտալիս, համբուրվելիս, ինչպես նաեւ սննդի եւ խմելու պարագաները համատեղ օգտագործելիս։