Սպիտակ տան աշխատակիցները  շաբաթ ստիպված են եղել «փոխտեղակայվել» այն բանից հետո, երբ հազարավոր պաղեստինամետ կողմնակիցներ Գազայում հրադադարի պահանջով մեծ ցույցի շրջանակում առաջ են շարժվել դեպի շենքը՝ սպառնալով քանդել անվտանգության պատնեշը, հաղորդում է Fox News-ը:

Սպիտակ տունը պաշտպանող իրավապահ մարմինների աշխատակիցները պաշտպանիչ հանդերձանք են հագել, երբ աղաղակող ամբոխը նրանց վրա է նետել  արյունոտ տիկնիկներ և այլ առարկաներ:

Ցուցարարները  կրել են պաղեստինյան դրոշներ և պաստառներ, որոնք կասկածի տակ են դնում նախագահ Ջո Բայդենի՝ որպես նախագահի թեկնածուի կենսունակությունը՝ Իսրայելին աջակցության պատճառով:

Պաստառների վրա գրված էին․ «Ջո, ոչ մի ձայն ցեղասպանության օգտին», «Բայդենի ձեռքերն արյունոտ են» և «Թող Գազան ապրի»:

Գաղտնի ծառայությունն ավելի ուշ հաստատել է, որ պատնեշը կրել է «ժամանակավոր վնաս, որը արագ վերականգնվել է»:

Հանրահավաքի հետևանքով առաջացած ժամանակավոր ավերածությունները հանգեցրել են Սպիտակ տան տարածքից աշխատակիցների ու լրագրողների տարհանմանը։

Գաղտնի ծառայությունը նաև հայտնել է, որ հանրահավաքի հետ կապված որևէ ձերբակալություն չի իրականացրել, և «Սպիտակ տանն ու հարակից շենքերին նյութական վնաս չի հասցվել»: