Ենթակառուցվածքային օբյեկտներ կկառուցվեն Բուլղարիայի տարածքում՝ ՆԱՏՕ-ի մոտ 5 հազար զինծառայողների տեղակայելու համար։ Այս մասին BTV հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Տոդոր Տագարեւը։

«ԱՄՆ կատարած իմ այցի ժամանակ քննարկել ենք անհրաժեշտ ենթակառուցվածքի ապահովման հնարավորությունները մեր տարածքում ՆԱՏՕ-ի բազմազգ մարտական խմբի տեղակայման համար։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ֆինանսավորման հարցում։ Կա պլան, որպեսզի մարտական խմբի թվաքանակը ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ավելանա եւ հասնի բրիգադի մակարդակի՝ մոտ 5 հազար զինծառայող։ Ներկայում չկա աշխատանքների կատարման հստակ ժաամանակացույց. Բայց մենք պատրաստ ենք ժամանակին ապահովել անհրաժեշտ ամեն ինչ»,- տեղեկացրել է նախարարը։

Տագարեւը նշել է, որ ենթակառուցվածքի մեջ են մտնելու ոչ միայն դաշնակիցների զորքերի տեղակայման կառույցները, այլեւ բազմաթիվ այլ օբյեկտներ։ «Ենթակառուցվածքը նախատեսում է ճանապարհներ եւ երկաթուղային գծեր, որոնք կկարողանան ապահովել դաշնակիցների զորքերի արագ ծավալումը մեր տարածքում։ Դրանք կլինեն խողովակաշարեր եւ վառելիքի պահեստներ։ Նաեւ զինծառայողների տեղակայման կառույցներ։ Աշխատում ենք այս բոլոր հարցերի ուղղությամբ, բայց բոլոր հարցերը չէ, որ գտնվում են ՊՆ-ի տնօրինման ներքո»,- ասել է նա։