Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոդված է հրապարակել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում՝ «Խաղաղության խաչմերուկ․ զարգացող աշխարհում համաշխարհային համագործակցության՝ Հայաստանի կոչը» վերտառությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածում ՀՀ նախագահը ներկայացնում է Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն «անդրադառնում է ճգնաժամերի գինն իմանալու կարևորությանը, առաջ է մղում վստահության միջոցով խաղաղության կառուցումը և ուսումնասիրում, թե իրական ժողովրդավարությունը և տեխնոլոգիական նորարարություններն ինչպես կարող են փոխակերպիչ լինել և փոխադարձաբար պաշտպանել ու քաջալերել միմյանց»:
«Այսօրվա բարդ աշխարհաքաղաքական փոփոխությունների և համաշխարհային մասնատված քաղաքականության լանդշաֆտի համատեքստում Հայաստանը պատկերացնում է աշխարհ, որն ամրապնդվում է գլոբալ համագործակցությամբ՝ նորացված և արդյունավետ բազմակողմանիության շրջանակներում», - գրում է Վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ Հայաստանն, անցնելով պատմական փոթորիկների միջով, այժմ ավելի ամուր է, հարմարվել է իրականությանը և սովորել գոյատևել։
ՀՀ նախագահը գրում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ընդգծում է տնտեսական համագործակցության և նոր աշխարհակարգում ընդհանուր արժեքների կարևորությունը։
«Տնտեսական համագործակցությունը հանդիսանում է գլոբալ կայունության, անվտանգության և բարգավաճման կապող օղակ: Հայաստանն իր հմուտ աշխատուժով և կայուն զարգացմանը հանձնառությամբ լավ դիրք ունի զարգացող տնտեսական լանդշաֆտում կարևոր դեր խաղալու համար», - գրում է Խաչատուրյանը՝ հավելելով, որ Հայաստանն ակտիվորեն ձգտում է աշխարհի այլ երկրների հետ առևտրի, ներդրումների և համագործակցության։
ՀՀ նախագահը կարևորություն է տալիս ազատությանը, ժողովրդավարական ինստիտուտներին և նորարարություններին՝ որպես կարևոր գործիքներ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով նավարկելու համար։
«Ժողովրդավարությունը, որը շեշտը դնում է ներառականության և համախմբված որոշումների կայացման վրա, հիմք է ստեղծում ազգերի միավորման համար: Տեխնոլոգիական նորարարությունը, երբ կիրառվում է պատասխանատու կերպով, ունի ներուժ՝ անհատներին և ազգերին հնարավորություն տալու հաղթահարել մարտահրավերները և խթանել դրական փոփոխությունները: Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական արժեքների պահպանմանը և նորարարության լծակների օգտագործմանը՝ որպես դրական փոփոխությունների գործիքներ», - նշում է Խաչատուրյանը:
Հայաստանի նախագահը նաև նշում է, որ Հայաստանը հանձնառու է տևական խաղաղություն կառուցելու գործին։
«21-րդ դարում աշխարհը պայքարում է ճգնաժամերի հետ՝ համաճարակներից մինչև բնապահպանական մարտահրավերներ, և ճգնաժամի գնի ընդունումը զուտ տնտեսական չէ. այն նաև մարդկային և բնապահպանական է: Ներկայիս բազմաթիվ ճգնաժամերի ժամանակներում և աննախադեպ փոխկախվածության և աշխարհակարգի զարգացող փոփոխությունների լույսի ներքո մեկ ազգի ճգնաժամը մարտահրավեր է բոլորի համար», - գրում է Խաչատուրյանը՝ շեշտելով, որ այս մարտահրավերների հաղթահարման համար ահռելի նշանակություն ունի խաղաղության կառուցումը վստահության միջոցով։
«Հարավային Կովկասում վերջին հակամարտությունը և մարդկանց բռնի տեղահանումը որպես վառ հիշեցում է ծառայում այն բանի, թե աշխարհաքաղաքական փոփոխություններն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ խաղաղ բնակչության վրա», - հավելում է ՀՀ նախագահը։
Նա շեշտում է, որ Հայաստանը հանձնառու է ճգնաժամի հետևանքները վերածել հնարավորության՝ կառուցելու տևական խաղաղություն և առաջ մղելու տարածաշրջանային համագործակցությունը։
««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է Հայաստանի կառավարությունը, մեծ շեշտ է դնում փոխադարձ վստահության ձևավորման վրա՝ որպես խաղաղության հիմք: Ակտիվորեն ներգրավվելով հարևանների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ձգտում է վերականգնել նոր համագործակցությունը տարածաշրջանում և խթանել փոխըմբռնումն ազգերի միջև: Դիվանագիտական նախաձեռնությունների, երկխոսության և մշակութային փոխանակման միջոցով մենք ձգտում ենք կամրջել տարաձայնությունները և ստեղծել միջավայր, որտեղ ազգերը կարող են միասին աշխատել՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին», - գրված է հոդվածում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։





























