Մարբուրգի Ֆիլիպի անվան համալսարանը «ռեմիգրացիա» բառը համարել է անցած տարվա «հակաբառը», այն օգտագործում են ծայրահեղ աջ շարժումների ներկայացուցիչները՝ նշելու համար միգրանտների զանգվածային վտարման պլանները, տեղեկացվել է ուսումնական հաստատության մամուլի հաղորդագրությունում։

«Ռեմիգրացիա» տերմինը օտար բառ է, ծագում է լատիներեն remigrare (հետ դառնալ, վերադառնալ) բայից։ Իդենտիտար շարժման մեջ (ուլտրաաջ շարժում), աջ կուսակցություններում եւ աջ ծայրահեղական այլ խմբերում այդ բառը դարձել է էվֆեմիզմ հարկադիր վտարման եւ անգամ զանգվածային վտարման պահանջի համար՝ միգրացիոն անցյալ ունեցող մարդկանց համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Մարբուրգի համալսարանի ընտրությունը մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Ցանկացած մարդ, ով ապրում է այստեղ, աշխատում է այստեղ եւ կիսում է մեր դեմոկրատիայի արժեքները, մեր մի մասն է՝ անկախ ծագումից եւ մաշկի գույնից։ Վերջ»,- գրել է Շոլցը Х սոցցանցում՝ «տարվա հակաբառ» հեշթեգով։

Երկրորդ տեղում է Sozialklimbim բառը, որը կարելի է թարգմանել որպես «սոցիալական անհեթեթություն»։ Այն օգտագործվում է քաղաքական բանակռիվներում սոցիալական եւ մանկական նպաստների վերաբերյալ՝ դրանք համարելով անպետք ավելորդություն։

Երրորդ տեղում Heizungs-Stasi բառն է, որը թարգմանվում է «սոցիալական շտազի» եւ օգտագործվում է այն մարդկանց հանդեպ, որոնք աջակցում են կառավարության՝ էներգիայի խնայողության պլաններին, որոնք հանգեցնում են ջեռուցման գնի բարձրացման։