Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Շվեյցարիայի Դավոս քաղաքում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ։

Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահը X-ի իր միկրոբլոգում, հանդիպման ժամանակ նա շնորհակալություն է հայտնել դաշինքին «շարունակական աջակցության համար»։

«Մենք քննարկել ենք իրավիճակը առաջնագծում։ Ես գլխավոր քարտուղարին տեղեկացրել եմ ռուսական վերջին զանգվածային ավիահարվածների մասին և ընդգծել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև պաշտպանական այլ կարիքներ։

«Մենք երկուսս էլ նշել ենք Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միջև անվտանգության համաձայնագրի կարևորությունը, որը հիմնված է G7 Վիլնյուսի հռչակագրի վրա։ Ես տեղեկացրեցի նմանատիպ համաձայնագրերի շուրջ գործընկերների հետ Ուկրաինայի ընթացիկ աշխատանքի մասին և ընդգծեցի նման փաստաթղթերի ստորագրման կարևորությունը, որոնք ուժի մեջ կլինեն մինչև Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին։

Մենք քննարկել ենք Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները։ Ես ընդգծեցի, որ Ուկրաինան ակնկալում է որոշումներ, որոնք կմոտեցնեն նրա անդամակցությունը Դաշինքին»,- հավելել է նա։