Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) բավարար չի համարում իրանական կողմի պարզաբանումները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Էրբիլ քաղաքին հասցված հարվածների վերաբերյալ։ Այս մասին ասվում է ԱՊԼ խորհրդի արտակարգ նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։

Իր վերջնական բանաձևում կազմակերպությունը Թեհրանի վրա է դրել «այս միջադեպի և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը» և նման գործողություններն անվանել «չափազանց վտանգավոր նախադեպ, որը կրկնվելու դեպքում կարող է սպառնալ ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»։

Արաբական լիգայում Էրբիլի վրա հարձակումը որակվել է որպես «բացահայտ ագրեսիա Իրաքի ինքնիշխանության դեմ» և «բարիդրացիության և միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտում»:

Նիստի մասնակիցները ճանաչել են Իրաքի իրավունքը՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և «օգտագործելու բոլոր դիվանագիտական ​​և միջազգային իրավունքով կարգավորվող իրավական միջոցները»՝ արձագանքելու նման գործողություններին: