Հատուկ ծառայությունները վնասազերծել են «Սկյութական Հունգարիա» անլեգալ խմբավորումը, որը կասկածվում է Հունգարիայում իշխանության ռազմական զավթում նախապատրաստելու մեջ։ Ինչպես չորեքշաբթի երեկոյան իր կայքում տեղեկացրել է ոստիկանության ազգային վարչությունը, Բուդապեշտում եւ էլի մի քանի քաղաքներում ձերբակալվել է 11 մարդ, որոնց մոտ խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են զենք, կեղծ փաստաթղթեր եւ ծայրահեղական գրականություն։
Նրանց ձերբակալելու գործողությանը 10 բնակավայրերում մասնակցել են հետաքննությունների բյուրոյի, հակաահաբեկչական կենտրոնի եւ ոստիկանության 150 աշխատակիցներ։ Հատուկ ծառայություններն իմացել են «Սկյութական Հունգարիա» խմբավորման գոյության մասին 2023թ. նոյեմբերին, այն բանից հետո, երբ դրա մասնակիցները տեսահոսթինգներից մեկում տեղակայել էին գրառումներ, որոնք պատմում էին «ազատ զինված ուժերի» ձեւավորման եւ կառավարությանն ուղղված սպառնալիքների մասին։
«Հետաքննությունների ազգային բյուրոն գործ է հարուցել սահմանադրական կարգի բռնի տապալման պատրաստման մասին։ Կազմակերպության անդամները պարզվել են եւ ձերբակալվել երեքշաբթի լուսաբացին»,- տեղեկացրել է ոստիկանության վարչությունը։
Նրա խոսքով՝ տների խուզարկության ժամանակ, որոնցում գտնվել են արմատական խմբավորման անդամները, հայտնաբերվել են ինքնաձիգներ, մարտական ատրճանակներ, զինամթերքներ, տրավմատիկ եւ ազդանշանային զենք։ Գտնվել են կեղծ փաստաթղթեր, անգամ դիվանագիտական անձնագրեր, զենք ունենալու թույլտվություններ եւ «Սկյութական Հունգարիա» կազմակերպության փաստաթղթերը, որոնք, քննիչների խոսքով, հերքում էին հունգարական պետության գոյությունը։





























