Մոսկվայի քաղաքային դատարանը «ԴԺՀ-ի պաշտպանության նախկին նախարար» Իգոր Ստրելկովին (Գիրկին) դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի գործով։

Հունվարի 18-ին դատարանում դատախազը խնդրել է Ստրելկովին դատապարտել չորս տարի 11 ամիս ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի մասին հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մաս) առավելագույն պատիժը հինգ տարի ազատազրկումն է։

Դատավարությունը տեղի է ունեցել փակ դռների հետևում, թեև ինքը՝ Ստրելկովը և նրա պաշտպանությունը, խնդրել են բացել այն ունկնդիրների և լրագրողների համար։

Ստրելկովը ձերբակալվել էր հուլիսին։ Նրա դեմ գործ է հարուցվել իր Telegram ալիքում երկու հրապարակումների պատճառով, որոնցում ԱԴԾ-ն ծայրահեղականության կոչեր է հայտնաբերել։ Նա չի ընդունում մեղքը։

Նոյեմբերին Ստրելկովը, երբ գտնվում էր բանտում, հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններին։ Նա կոչ է արել իր համախոհներին քարոզարշավ սկսել իր առաջադրման համար և ստորագրահավաքի նախաձեռնող խումբ ստեղծել, սակայն դա նրանց չի հաջողվել։

Ստրելկովը ԱԴԾ նախկին սպա է, ով մասնակցել է 2014 թվականի մարտին Ղրիմի բռնակցմանը, իսկ ապրիլին փոքր ջոկատով գրավել է Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքը։ 2014 թվականի մայիսից օգոստոս նա զբաղեցրել է ինքնահռչակ ԴԺՀ-ի «Պաշտպանության նախարարի» պաշտոնը։

2022 թվականի նոյեմբերին Ստրելկովը Հաագայի դատարանի կողմից հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման, որը նրան մեղավոր է ճանաչել 2014 թվականի հուլիսին Դոնբասի երկնքում մալազիական Boeing-ի կործանման մեջ։

Ստրելկովը աջակցում էր Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժմանը, սակայն քննադատում էր Ռուսաստանի ղեկավարությանը և զինվորականներին մարտական ​​գործողություններ իրականացնելու արդյունավետության բացակայության համար։