Ռուսաստանի Դաշնությունը տեղեկություններ ունի այն մասին, որ ԱՄՆ-ը հայտարարել է Իրաքից իր ռազմական կոնտինգենտի դուրսբերումը սկսելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտարարել է սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտյովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ նա կարծում է, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը կարող է տարիներ շարունակ ձգվել։

«Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը և Թուրքիան միակարծիք են այն հարցում, որ Սիրիայում անկայունության հիմնական պատճառն ԱՄՆ-ի անօրինական ներկայությունն է»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ իշխանությունները օգտագործում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին՝ Սիրիայում իրավիճակը ապակայունացնելու համար։

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դեմ է հութիների կողմից Բաբ էլ-Մանդեբի նեղուցում քաղաքացիական նավերի գնդակոծմանը, սակայն Արևմուտքի արձագանքը անհամաչափ է։