Բրազիլիայի մայրաքաղաքի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել դենգե տենդով հիվանդացության կտրուկ աճի պատճառով։ Այս մասին հաղորդվում է մարզային կառավարության պաշտոնական առցանց տեղեկագրում։
«Հանրային առողջապահական արտակարգ դրություն է հայտարարվել հիվանդացության կտրուկ աճի և դենգե համաճարակի վտանգի պատճառով»,- ասվում է փաստաթղթի տեքստում։ Հրամանագիրը վերաբերում է մայրաքաղաք Բրազիլիա քաղաքին, ինչպես նաև նրա արվարձաններին, որոնք մտնում են մետրոպոլիայի շրջանի մեջ։ Տարածաշրջանի ընդհանուր բնակչությունը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը, կազմում է մոտ 5,7 միլիոն մարդ։
Իշխանությունների տվյալներով՝ տարեսկզբից դենգե տենդի դեպքերի թիվն արդեն 646%-ով գերազանցել է 2023 թվականի նույն ցուցանիշը։ Հունվարի 1-ից պաշտոնապես հիվանդ է համարվում ավելի քան 16 հազար մարդ։ Անցած տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է հիվանդության միայն մոտ 2 հազար հաստատված դեպք։
Այս տարի իրավիճակը տարածաշրջանում բարդացնում են տեղումների անսովոր բարձր մակարդակը։ Սա հեշտացնում է Aedes Aegypti մոծակների՝ հիվանդության հիմնական փոխանցողների տարածումը։




























