Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ՝ քննարկելու Սեւ ծովի անվտանգության հարցերը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։
«Այսօր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ։ Արտաքին գործերի նախարարության Ստամբուլի գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Գազայի հատվածը, երկկողմ հարաբերությունները»,- ասել է աղբյուրը։ Նշվում է, որ հանդիպումը տեւել է մոտ 90 րոպե։
Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանն ընդգծել է Գազայում կրակի ամբողջական դադարեցման կարեւորությունը եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության համար լուծման իրագործումը։ Քեմերոնը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։
Ֆիդանը և Քեմերոնը հաստատել են Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում բարելավելու՝ իրենց մտադրությունը։




























