Ռուսաստանի հետ հնարավոր առճակատման նախազգուշացումների ֆոնին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մտադիր է երկիրը «պատրաստել պատերազմի»: Այս մասին նա հայտարարել է «Bild»-ին տված հարցազրույցում։
Գերմանացի պաշտոնյայի առանցքային մտքերը՝ ստորև․
Բանակի բարեփոխման մասին
«Մենք դուրս ենք գալիս 30-ամյա խաղաղությունից, որից բոլորս շահեցինք։ Հիմա մեզ այլ ճանապարհ է սպասվում։ Մենք, իսկապես, պետք է արագացնենք մեր քայլերը, որպեսզի պատրաստվենք վատագույն սցենարին»:
Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմի հավանականության մասին
«Այս պահին ես ոչ մի վտանգ չեմ տեսնում, որ Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի տարածքի կամ որևէ գործընկերոջ վրա։ Բայց դա միայն առայժմ: Ոչ ոք չգիտի՝ կշարունակվի՞ այսպես, թե ոչ։ Պետք է շարժվենք զսպման սկզբունքով, մենք դա գիտենք դեռևս սառը պատերազմից: Այն ժամանակ ամեն ինչ ավելի կանխատեսելի էր, քան հիմա»։
Գերմանիայի ռազմական ներուժի մասին
«Մենք Ուկրաինային են տվել բազմաթիվ զինատեսակներ, որոնք նախատեսված էին մեզ համար։ Բայց մենք նորից կգնենք դրանք։ Մենք ունակ ենք պաշտպանվել, ինչի համար, սակայն, մեզ շատ բան է պակասում»:
Օտարերկրացիներին Բունդեսվերում ներգրավելու մասին
«Խոսքը երկրորդ և երրորդ սերնդի երեխաների մասին է, ովքեր դեռ չունեն գերմանական անձնագիր, բայց սահուն խոսում են գերմաներեն, ապրում են այս երկրում և, միգուցե, պատրաստ են ծառայել այն երկրին, որտեղ մեծացել կամ մեծանում են։ Խոսքն այն մասին չէ, որ Գերմանիայում երեք ամիս կամ երեք տարի ապրած մարդիկ միանան Բունդեսվերին»։
ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին
«Կարծում եմ՝ լավ կլիներ, որ մենք՝ եվրոպացիներս, անեինք այն, ինչը պետք է անեինք 10-20 տարի առաջ՝ ավելի շատ ներդրումներ կատարենք Եվրոպայում մեր սեփական անվտանգությունն ապահովելու համար: Եթե մենք հիմա նայենք ամերիկյան ընտրություններին այնպես, ինչպես նապաստակը վիշակին, դա մեզ բոլորովին չի օգնի։ Մենք պետք է մեր տնային աշխատանքը կատարենք»:





























