ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել F-16 կործանիչների վաճառքին Թուրքիային եւ Հունաստանին, այն բանից հետո, երբ Անկարան վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը, տեղեկացրել է ABC News-ը։

Ուրբաթ երեկոյան պետդեպարտամենտը տեղեկացրել է Կոնգրեսին Թուրքիային 23 մլրդ դոլարի F-16 ինքնաթիռների վաճառքին, ինչպես նաեւ Հունաստանին  F-35  ժամանակակից կործանիչներ (8,6 մլրդ դոլարի) վաճառքին հավանություն տալու մասին։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիան Վաշինգտոնին  է հանձնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնող փաստաթուղթը։

Թուրքիային կվաճառվեն 40 նոր F-16 ինքնաթիռներ եւ արդեն Թուրքիայում առկա 79 ինքնաթիռների արդիականացման սարքավորումներ։ Հունաստանը կստանա 40 F-35 Lightning II Joint Strike Fighter ինքնաթիռ եւ համապատասխան սարքավորումներ։

Բայդենի վարչակազմը հավանություն է տվել վաճառքին, բայց մի քանի օրենսդիրներ առարկել են Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված։

Բեն Քարդինի եւ Ջիմ Ռիշի առարկություններն այժմ հաղթահարված են։ Քարդինը ուրբաթ հայտարարել է, որ դեռ մտահոգություններ ունի Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված, բայց համաձայնել է, որ վաճառքը կատարվի՝ հենվելով այն պարտավորությունների վրա, որոնք Թուրքիան ստանձնել է իրավիճակի բարելավման համար։

Թուրքիան ավելի քան մեկ տարի հետաձգում էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հավանությունը, իբր որովհետեւ կարծում էր, որ Շվեդիան բավականաչափ լուրջ չի վերաբերվում Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրներին՝ նկատի ունենալով քրդերին, որոնց Անկարան հայտարարել է սպառնալիք իր անվտանգությանը։