ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նոր ռազմավարություն է մշակում, որը ուշադրությունը կկենտրոնացնի ոչ թե տարածքները հետ բերելու, այլ Ուկրաինային օգնության ցուցաբերման վրա, գրել է The Washington Post-ը։

Այս պլանը խիստ տարբերվում է նախորդ տարվա պլանից, երբ ԱՄՆ-ն եւ դաշնակիցները Կիեւին տրամադրեցին ժամանակակից սարքավորումներ՝ այն հույսով, որ կկարողանան արագ հետ մղել ռուսական զորքերին, որոնք գրավել էին Ուկրաինայի արեւելյան եւ հարավային մասերը։ Այդ ջանքերը հաջողություն չունեցան՝ հիմնականում ականադաշտերի եւ ռուսական խրամատների շնորհիվ։

Գաղափարն այժմ այն է, որպեսզի Ուկրաինան կարողանա պահել իր դիրքերը մարտադաշտում, բայց «դուրս բերել նրան այլ հետագիծ, որպեսզի դառնա շատ ավելի ուժեղ մինչեւ 2024թ. վերջ... եւ կանգնի ավելի կայուն ճանապարհի վրա», ասել է պարբերականին բարձրաստիճան պաշտոնյան։

Ուկրաինային օգնություն ցուցաբերող մոտ երեսուն երկրներից յուրաքանչյուրը պատրաստում է փաստաթուղթ իր կոնկրետ պարտավորությունների մասին տասնամյա հեռանկարի համար։ Անցած շաբաթ Մեծ Բրիտանիան հրապարակեց իր 10-ամյա համաձայնագիրը Ուկրաինայի հետ, որը ստորագրել են վարչապետ Ռիշի Սունակը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսլին Կիեւում։ Դրանում ասվում է ավանդի մասին «ծովային անվտանգության, ավիացիայի, ՀՕՊ, հրետանու եւ զրահատեխնիկայի ոլորտում», ինչպես նաեւ երկրին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին։ Սպասվում է, որ հաջորդը լինելու է Ֆրանսիան։

Բայց հաջողությունը գրեթե ամբողջությամբ կախված է գլխավոր հովանավոր ԱՄՆ-ից։

Այս գարնանը ԱՄՆ վարչակազմը հույս ունի հրապարակել իր սեփական 10-ամյա պարտավորությունները, որոնք այժմ կազմվում են պետդեպարտամենտում՝ պայմանով, որ Բայդենի հայտը Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման մասին՝ 61 մլրդ դոլարի չափով, արժանանա Կոնգրեսի հավանությանը։

Բայց անկայուն հիմքը, որի վրա ներկայում հենվում է այդ ենթադրությունը (Ներկայացուցիչների պալատի հանրապետականները, ըստ երեւույթին, ավելի խորն են թաղելու այն՝ հրաժարվելով փող հատկացնել) անհանգստացնում է ինչպես արեւմտյան դաշնակիցներին, այնպես էլ Ուկրաինային, ընդգծել է The Washington Post-ը։

ԱՄՆ մասնակցությունը երկարաժամկետ հեռանկարում, ինչպես նաեւ այս կարեւոր փուլում, առաջնահերթ նշանակություն ունի,- ասել է բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան։- Օգնությունն անպայման պետք է շարունակվի... ոչ միայն տեղերում, այլեւ որպես Արեւմուտքի վճռականության ցուցադրում... որպեսզի Պուտինին հասկացնեն, որ նա չի հաղթի»։