ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետք է գրող Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարի ավելի քան 83 մլն դոլար որպես փոխհատուցում զրպարտության համար, որոշել է ատենակալների դատարանը, տեղեկացրել է NBC News-ը։

Դատավճիռը ներառում է 11 մլն դոլար Քերոլի հեղինակությանը հասցված վնասի համար, 7,3 մլն՝ հուզական վնասի եւ այլ վնասների համար, ինչպես նաեւ 65 մլն դոլար՝ որպես տուգանք։

Որոշումը կայացվել է եզրափակչ փաստարկների բուռն քննարկումից հետո, որոնց ժամանակ Թրամփը դուրս է եկել դատարանի դահլիճից։ Նա վերադարձել է իր փաստաբանի եզրափակիչ ելույթը լսելու համար, բայց հեռացել է դատարանի դահլիճից ժամը 16.00-ին, ատենակալների դատավճռի կայացումից առաջ։

Որոշ ժամանակ անց նա այդ մասին գրել է իր Truth Social սոցցանցում։ «Կատարյալ անհեթեթություն,- գրել է նա՝ ավելացնելով, որ բողոքարկելու է։- Նրանք մեզանից խլել են Առաջին լրացման բոլոր իրավունքները։ ՍԱ ԱՄԵՐԻԿԱՆ ՉԷ»։

Քերոլն իր հերթին չի շփվել լրագրողների հետ՝ հեռանալով դատարանի դահլիճից, բայց ավելի ուշ հայտարարություն է արել, որում ատենակալների դատարանի որոշումն անվանել է «մեծ հաղթանակ յուրաքանչյուր կնոջ համար»։

Թրամփն արդեն մեղավոր ճանաչվել էր Քերոլին զրպարտելու համար նախագահ եղած ժամանակ՝ ծաղրելով նրա հայտարարությունը սեռական բռնության մասին, ուստի ատենակալների առջեւ կանգնած էր միայն այն խնդիրը, որպեսզի որոշեն, թե ինչ գումար պետք է վճարել կնոջը՝ որպես վնասի փոխհատուցում։