ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ, որում խոստացել է խստացնել սահմանի պահպանությունը։

Նրա խոսքով՝ երկու ամիս առաջ ինքը հանձնարարել է իր թիմին բանակցություններ սկսել սենատորների երկկուսակցական խմբի հետ, որպեսզի լրջորեն եւ վերջնականապես լուծի սահմանային ճգնաժամի խնդիրը։

«Ահա արդեն մի քանի շաբաթ նրանք զբաղվում են դրանով։ Աշխատում են շուրջօրյա, տոներին ու հանգստյան օրերին»,- ասել է Ջո Բայդենը։

Նրա խոսքով՝ այդ օրենքի ընդունման դեպքում այն կդառնա «ամենախիստն ու արդարացին սահմանի պահպանման բոլոր բարեփոխումների մեջ, որոնք երբեւէ իրականացվել են մեր երկրում»։

«Դա ինձ՝ որպես նախագահի, սահմանի փակման նոր արտակարգ լիազորություններ կտա, երբ այն գերծանրաբեռնված վիճակում լինի։ Եվ եթե ինձ տան այդ լիազորությունները, ես կօգտվեմ դրանցից օրինագծի ստորագրման օրը»,- ընդգծել է Բայդենը։

Ըստ նրա՝ Կոնգրեսը պետք է ֆինանսավորում հատկացնի, որն ինքը խնդրել է հատկացնել հոկտեմբերին սահմանի պահպանության համար։ Այն ներառում է սահմանային պարեկների լրացուցիչ 1 300 գործակալներ, 375 իմիգրացիոն դատավորներ, ապաստարան տրամադրող 1 600 աշխատակիցներ եւ ավելի քան 100 նորագույն զննման մեքենաներ, որոնք կօգնեն հայտնաբերել եւ կանգնեցնել ֆեթանիլ թմրանյութի տեղափոխումը ԱՄՆ հարավարեւմտյան սահմանին։

«Եթե դուք լրջորեն վերաբերվեք սահմանային ճգնաժամին, ընդունեք երկկուսակցաման օրինագիծ, ես այն կստորագրեմ»,- ավելացրել է նա։