Հունաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունն արդեն անհրաժեշտ հրահանգներ է տվել, որպեսզի Ուկրաինա տեղափոխվեն սպառազինության  հնացած համակարգեր և սարքավորումներ, որոնք հունական բանակն այլևս չի օգտագործում, հայտնում է Kathimerini-ն։

Նշվում է, որ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հավանություն է տվել Հունաստանին 40 F-35 Lightning II Joint Strike Fighter և հարակից սարքավորումներ մատակարարելու Աթենքի խնդրանքին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ուղղված նամակում առաջարկել էր Ուկրաինային զենք փոխանցել՝ մինչև 200 մլն դոլար պաշտպանական ֆինանսավորման դիմաց։

Նա նաև ընդգծել է, որ Հունաստանին առաջնահերթություն կտա հակաականային մեքենաների ձեռքբերման հարցում, երբ դրանք հասանելի դառնան հաջորդ տարվա ընթացքում, և հաշվի կառնի Հունաստանի կարիքները, եթե հասանելի դառնան KC-135 տիպի վառելիք լիցքավորող ինքնաթիռները: