Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Х սոցցանցում հրապարակել է գրառում հոլոքոստի հիշատակի միջազգային օրվա առիթով, որը նշվում է հունվարի 27-ին։ Դրանում նշվել է, որ Օսվենցիմի ճամբարը գտնվում է Լեհաստանում, եւ չի մատնանշվել իրավիճակի համատեքստը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Х սոցցանցում ափսոսանք է հայտնել, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սոցցանցի իր էջում Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարը Օսվենցիմում անվանել է լեհական։ Սիկորսկին սա անթույլատրելի է համարել։

Այժմ հրապարակումը Եվրահանձնաժողովի նախագահի էջում ուղղվել է։ Այնտեղ այժմ նշված է՝ «մահվան նացիստական ճամբարն Օսվենցիմում»։