ԱՄՆ-ն եւ եվրոպական մի շարք երկրներ հայտարարել են, որ դադարեցնում են ՄԱԿ պաղեստինցի փախստականնների օգնության գործակալության (ՊՓՕԳ) ֆինանսավորումը։
Ֆինանսավորման դադարեցման մասին պետդեպարտամենտը հայտարարել էր հունվարի 26-ին։ ԱՄՆ-ին հաջորդել են եւս տասը առավել զարգացած երկրները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան։
Հիմք են ծառայել գործակալության մի քանի աշխատակիցների հանցակցության մեղադրանքները Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակմանը։ Իսրայելը ԱՄՆ-ին է հանձնել թղթապանակ գործակալության 12 աշխատակիցների մասին, թղթապանակը մեղադրանքներ է պարունակում նրանց դեմ՝ ՀԱՄԱՍ-ի հարձակմանը մասնակցության մասին։
The New York Times թերթը ծանոթացել է իսրայելական թղթապանակին եւ պարզել, որ իսրայելական հետախուզության վարկածով՝ այդ 12 աշխատակիցներից վեցը հոկտեմբերի 7-ին եղել են Իսրայելի ներսում։ Մյուսները գտնվել են Գազայի հատվածում եւ, ինչպես հավաստիացնում են հետախուզությունում, հեռախոսազրույցների ժամանակ քննարկել են իրենց փոխգործակցությունը ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ։ Գազայի հատվածում, նշված է թղթապանակում, աշխատակիցները կատարել են քաղաքացիական աշխատանքներ, գրել է «Մեդուզա» պարբերականը։
ՊՓՕԳ-ն հայտարարել է ներքին հետաքննություն սկսելու մասին, իսկ ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չզրկել կազմակերպությանը ֆինանսավորումից Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի սպառնալիքի պատճառով։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տվյալներով՝ գործակալությունն արդեն ազատել է 12 աշխատակիցներից իննին։ Եվս երկուսը, ինչպես The New York Times-ի լրագրողներին ասել են գործակալությունում, զոհվել են Գազայի հատվածում։
Իսրայելը վաղուց մեղադրում է գործակալությանը ՀԱՄԱՍ-ին օգնելու մեջ։ Գազայի հատվածում, ըստ Իսրայելի, գործակալությունը հայտնվել է ՀԱՄԱՍ-ի ազդեցության տակ։ Reuters-ի տվյալներով՝ ՊՓՕԳ մոտ 190 աշխատակիցներ իրենց քաղաքացիական պաշտոնները համատեղել են համագործակցությունը ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» զինյալների հետ։ WSJ-ն գրել է, որ ընդհանուր առմամբ որեւէ կապ խմբավորումների հետ ունեն մոտ 1 200 աշխատակիցներ (ընդհանուր թվի մոտ 10 տոկոսը), իսկ 49 տոկոսը ազգականներ ունի զինյալների շրջանում։
Ֆինանսավորման դադարեցման հետեւանքները, ինչպես գրել է The New York Times-ը, կարող են արագ առաջանալ. ՊՓՕԳ-ն ռազմավարական պաշար չունի, իսկ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ասել է, որ գործակալության ծառայությունները, հնարավոր է, ստիպված կլինեն կրճատել արդեն փետրվարից սկսած։
Գործակալությունում Reuters-ին ասել են, որ չեն կարողանա շարունակել աշխատանքը Գազայի հատվածում փետրվարի վերջից, եթե ֆինանսավորումը չվերականգնվի։
ՊՓՕԳ-ն, նշել է The New York Times-ը, Գազայի հատվածում ամենամեծ գործատուներից մեկն է, որն աշխատատեղերով ապահովում է տարածաշրջանի 13 հազար բնակչի։ Տարածաշրջանում գրանցված է աշխարհում գործազրկության ամենաբարձր մակարդակներից մեկը։





























