Թուրքիան մտադիր է շարունակել նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի կատարումը լրիվ ծավալով։ Այս մասին հայտնել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բուլղարիայի ԱԳՆ ղեկավար Մարիա Գաբրիելի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։

«Մենք կշարունակենք կատարել Մոնտրյոյի կոնվենցիան լրիվ ծավալով։ Խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ անգամ մտածենք այդ հարցի մասին, էլ չեմ ասում դրա քննարկման մասին»,- ասել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս այն հանգամանքին, որ հակամարտությունն Ուկրաինայում չի հանգեցրել թեժացման Սեւ ծովում։

«Սեւ ծովի անվտանգությունը շատ կարեւոր է մեզ համար։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այն բանին, որ պատերազմն Ուկրաինայում չհանգեցնի թեժացման Սեւ ծովում»,- ընդգծել է նա։

Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936թ.։ Այն բոլոր երկրների առեւտրանավերի համար սահմանում է ազատ անցում նեղուցներով ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ, եւ սահմանում է ռազմանավերի անցման տարբեր ռեժիմ սեւծովյան եւ ոչսեւծովյան պետությունների նավատորմների համար։