Հունական եւ թուրքական համայնքների միջեւ բանակցությունները բաժանված կղզու խնդրի լուծման վերաբերյալ կարելի է վերսկսել անհապաղ։ Դրա համար անհրաժեշտ է միայն երկու կողմերի քաղաքական կամքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Լետիմպիոտիսը՝ մեկնաբանելով Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի կիպրոսյան կարգավորման գծով բանագնաց Մարիա Անխելա Օլգինի հանդիպման արդյունքները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նախագահ Խրիստոդուլիդիսը հաստատել է բանակցություններն այն կետից վերսկսելու իր պատրաստակամությունը, որտեղ դրանք դադարեցվել են 2017թ., ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան, երկգոտի երկհամայնք դաշնության հիման վրա։
«Եթե նման կամք ունենա նաեւ մյուս կողմը, ապա բանակցությունները կարող են վերսկսվել շատ արագ»,- ասել է Լետիմպիոտիսը՝ նշելով, որ իրենց մոտեցման մեջ Կիպրոսի Հանրապետության իշխանությունները անկեղծ մտադրություն եւ քաղաքական կամք են դրսեւորում։




























