Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թրամփին անվանել է «ԱՄՆ ամենահաջող նախագահը միջազգային ասպարեզում»։ Այս մասին Օրբանն ասել է Le Point ֆրանսիական պարբերականի հարցազրույցում, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։

«Նա ոչ մի պատերազմ չի սկսել։ Աբրահամի համաձայնագրերը խաղաղության, հավասարակշռության եւ ընդունելի կենսակերպի միակ լուրջ շանսն էին  շատ բարդ մերձավորարեւելյան տարածաշրջանում»,- ասել է Հունգարիայի վարչապետը։

Նա ավելացրել է, որ համոզված է, որ եթե 2022թ. փետրվարին ԱՄՆ նախագահ լիներ Դոնալդ Թրամփը, «պատերազմը Եվրոպայում երբեք չէր լինի»։

«Այսօր ես չեմ տեսնում Եվրոպայում կամ Ամերիկայում մեկ այլ առաջնորդի, որը բավականաչափ ուժեղ լիներ, որպեսզի կանգնեցներ պատերազմը։ Խաղաղությունն անուն ունի՝ Դոնալդ Թրամփ»,- ասել է Օրբանը։