Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան հայտնել է, որ իր երկիրը ԱՄՆ-ին կտա ռուսական ռազմատեխնիկան՝ չնայած Մոսկվայի բողոքին։ Նա ընդգծել է, որ Էկվադորը «կշարունակի գործարքը ցանկացած պարագայում»։
«Մենք ապացուցել ենք, որ դա մետաղի ջարդոն է, եւ միջազգային համաձայնագրերի համապատասխան՝ չի կարելի ռազմական տեխնիկան փոխանցել, բայց նման մետաղական ջարդոնը կարելի է»,- ասել է նա Ecuavisa հեռուստաալիքի հարցազրույցում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Էկվադորի նախագահն իր պլանների մասին տեղեկացրել էր հունվարի 11-ին։ Ենթադրվում է, որ երկիրը ԱՄՆ-ին կհանձնի ռուսական եւ ուկրաինական արտադրության ռազմական տեխնիկան, իսկ փոխարենը կստանա 200 մլն դոլարի նոր տեխնիկա։
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը նախազգուշացրել է, որ դա կհանգեցնի բացասական հետեւանքների երկկողմ համագործակցությունում։ ՌԴ դեսպան Վլադիմիր Սպրինչանը հայտնել է, որ Մոսկվան ռազմական տեխնիկայի հանձնումը Վաշինգտոնին կգնահատի որպես ոչ բարեկամական քայլ։




























